ՍԴ հարցով իշխանությունը խոր ճգնաժամի մեջ է. «Իրատես»
«Սահմանադրական դատարանի որոշ դատավորներին մի կերպ պաշտոնանկ արած իշխանություններն այժմ էլ մի կերպ դատավորներ են փորձում ընտրել: Մինչև առաջադրված թեկնածուները խորհրդարանի դատին կներկայացվեն, նրանցից մեկի մասին, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խիստ անակնկալ եզրա- կացություն է տվել դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Երվանդ Խունդկարյանի գործունեության մասին:
Ըստ մամուլի հրապարակումներից մեկի՝ «Հայաստանը Խունդկարյանի կայացրած դատական որոշումների պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին մեծ գումարներ է պարտադրել վճարել այն վճիռների մասով, որոնց զգալի մասը քննվել է Խունդկարյանի կողմից»:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Իրատեսի» հետ զրույցում հաստատեց՝ եզրակացություն հանձնաժողովը տվել է, սակայն դրա բովանդակությունը բարձրաձայնելու կամ մանրամասնելու իրավունք չունի:
«Ձեր հարցադրումներն անգամ օրենքի խախտում են, ու եթե ինչ-որ մեկը մանրամասնություններ է հրապարակել, ապա կարող է ընդհուպ քրեական պատասխանատվության կանչվել»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:
Մեր տեղեկություններով՝ իշխանությունն ամենաբարձր մակարդակով անում է հնարավորը, որպեսզի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տված եզրակացության մասին հասարակությունն առհասարակ չիմանա, Խունդկարյանն էլ անարգել կարգվի նախ դատավոր, իսկ այնուհետ` ՍԴ նախագահ: Թե պատգամավորներն ինչպես և ում ՍԴ դատավոր կընտրեն, խիստ անկանխատեսելի է, բայց հետևելով դատարանի շուրջ ընթացող իրադարձություններին, հասկանում ենք՝ ՍԴ մասով ճգնաժամ իշխանության ներսում կա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: