Իշխանությունը «Հյուսիս-հարավ»-ի համար նոր հանգուցալուծում է գտել. Ոչ թե բետոն, այլ ասֆալտ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ իշխանություններից ժառանգություն մնացած Հյուսիս-հարավ մայրուղու ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։
Նոր իշխանությունները, սակայն, կարծես թե գտել են դրա մի հատվածի հանգուցալուծման տարբերակը։ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածը, որի կառուցման համար պատասխանատու է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, ոչ թե բետոնապատ կլինի, այլ՝ ասֆալտապատ։
Մեզ ասացին, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ բետոնը մեր բնակլիմայական պայմաններում արդյունավետ չէ, նաեւ ավելի թանկ է նստում, ուստի որոշել են ասֆալտապատել, ընդ որում՝ եռաշերտ ասֆալտ են անելու, հաստությունը՝ 20-22 սմ։ Ասֆալտապատումը մեկնարկելու է Մաստարայի հատվածից։ Այդ նպատակով չինացիներն ասֆալտ արտադրող գործարան են կառուցել Հայաստանում, որը կարող է ժամում արտադրել մինչեւ 300 տոննա ասֆալտ։
Օրերս շինհրապարակ էր այցելել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։ Մոտ օրերս ավելի հանգամանալից կներկայացնենք թեման»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: