Պայքար Վճռաբեկ դատարանի նախագահի տեղի համար. Խունդկարյանը կոնկրետ թեկնածու ունի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավորի թեկնածու ընտրվելուց հետո ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր է։ Չնայած, շատերի կարծիքով, այս պաշտոնի դերը չափազանցված է, քանի որ Խունդկարյանի օրոք այն առհասարակ դադարեց դատավորների «նախարար» լինելուց, այնուամենայնիվ, սա կարեւոր պաշտոն է՝ գոնե իշխանությունների կողմից դատական համակարգը կառավարելու առումով։
Նոր նախագահը եւս, ըստ օրենքի, պետք է ընտրվի վճռաբեկ դատարանի կազմից՝ քրեական կամ քաղաքացիական պալատից։
Վճռաբեկի յուրաքանչյուր դատավոր կարող է հավակնել այս պաշտոնին, բայց նրան պետք է առաջադրեն, ապա ընտրեն Ազգային ժողովում։
Մեր տեղեկություններով, ինքը՝ հեռացող Խունդկարյանը, շատ է ուզում, որ իրեն փոխարինի վճռաբեկի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, ով հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է, թեպետ ինքն էլ արդեն պակաս հայտնի չէ։
Իրավաբանության դոկտոր է, 2008-ին եղել է «Յոթի գործով» դատախազների կազմում։ Նա ուղիղ 12 տարի դատախազ է աշխատել, 2012 թվականին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, 2016-ին՝ վճռաբեկի դատավոր, իսկ 2018-ի հուլիսից վճռաբեկի քրեական պալատի նախագահն է։
Սակայն նրա գործընկերներն ասում են, որ դատախազի հոգեբանությունն ամուր է նստած նրա մեջ․ «Բոլոր մարդկանց տեսնում է ճաղերի միջով»։ Առհասարակ, դատական համակարգում կարծում են, որ վճռաբեկն իր լավագույն ժամանակներն ապրել է այն օրերին, երբ նախագահը եղել է քաղաքացիական իրավունքի մասնագետ, այլ ոչ թե քրեական»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում