Մեկ օրում գերբեռնվածության հիմքով 24 ժամով կասեցվել է եւս 10 տրանսպորտային միջոցի գործունեություն
Սեպտեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների եւ ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարբերաբար գերբեռնված ուղեւորափոխադրում իրականացնելու հիմքով՝ ՀՀ պարետի որոշման հիման վրա 24 ժամով կասեցվել են Երեւանի ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող N 26, N 58, N 63 համարի երթուղիները սպասարկող թվով 10 տրանսպորտային միջոցի գործունեություն։
Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ի տրասնպորտի անվտանգության մասնագետները վաղ առավոտից շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։
Նշված վարչական շրջանում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Հիմնական խնդիրը շարունակում է արձանագրվել կանոնավոր երթուղիներում ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում, որոնցում կրկին հայտնաբերվել են գերբեռնված փոխադրում իրականացնելու մեկ տասնյակին հասնող դեպքեր։
Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են վարչական արձանագրություններ։
Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են լայնածավալ բացատրական եւ իրազեկման աշխատանքներ։
Անվտանգության կանոններին խստագույնս հետեւելու եւ պահպանելու նպատակով ՔՏՀԱՏ-ն շարունակում է ուժեղացված մշտադիտարկումներ եւ վերահսկողական աշխատանքներ իրականացնել մարզերում եւ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։