Ջոնսոնը նշել է ԵՄ-ի հետ «Բրեքզիթ»-ի շուրջ առևտրային գործարքի կնքման վերջնաժամկետը
Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն «Բրեքզիթ»-ի (Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից) առևտրային գործարքի շուրջ համաձայնության կարող են գալ մինչև հոկտեմբերի 15-ը, հակառակ դեպքում՝ համաձայնագիրը չի կնքվի և կհաջորդի կողմերի միջև առևտրային հարաբերությունների կոշտ սցենարը: Այս մասին ասված է Լոնդոնի և Բրյուսելի բանակցությունների եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունում, գրում է BBC-ն։
«Եթե մինչ այդ չկարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել, ապա ես չեմ կարծում, որ մեր միջև կլինի ազատ առևտրի համաձայնագիր, և մենք պետք է ընդունենք դա և առաջ շարժվենք», - նշել է Ջոնսոնը:
Համաձայնագրի բացակայության դեպքում ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի առևտրային հարաբերությունները կշարունակվեն 2021 թվականի հունվարի 1-ից՝ ԵՄ-ի և Ավստրալիայի միջև գործող համաձայնագրի տեսակին համապատասխան:
Ջոնսոնն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության գերակայությունը սեփական օրենքների և կանոնների վերահսկումն է. «Մենք ազատ կլինենք առևտրային գործարքներ կնքել աշխարհի բոլոր երկրների հետ և արդյունքում կբարգավաճենք»։
Միաժամանակ, Բրիտանիան չի հրաժարվում ԵՄ-ի հետ համագործակցության քննարկումը շարունակել նաև բանակցությունների ձախողումից հետո:
«Մենք պատրաստ կլինենք ողջամիտ լուծումներ գտնել գործնական հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ թռիչքները, բեռնափոխադրումները կամ գիտական համագործակցությունը, եթե ԵՄ-ն ցանկանա»,- հայտարարել է Ջոնսոնը։
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս է եկել հունվարի 31-ին։ Մինչև այս տարվա վերջ կտևի անցումային շրջանը, որի ընթացքում կողմերը փորձում են պայմանավորվել իրենց ապագա հարաբերությունների մոդելի շուրջ։ Այդ ընթացքում երկրի նկատմամբ շարունակում են կիրառվել ԵՄ կանոնները, սակայն Մեծ Բրիտանիան չի մասնակցում Միության որոշումների կայացման գործընթացին, բայց շարունակում է ներդրումներ կատարել ԵՄ ընդհանուր բյուջեում։