Թրամփի հետ զրույցները Թերեզա Մեյին հիստերիայի էին հասցնում. Daily Mail
Հայտնի են դարձել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյի և ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքային հարաբերությունների մանրամասները: Պարզվում է, դրանք բավականին բարդ եղել, ինչի մասին պատմել են բրիտանական կառավարության աղբյուրները:
Մասնավորապես, բրիտանացի պաշտոնյաներից մեկը մտավախություն ուներ, որ Մեյը Սոլսբերիում Սերգեյ և Յուլիա Սկրիպալների հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ կամ «կգոռա, կամ կսկսի լաց լինել» Թրամփի համառության պատճառով: Կատարվածի համար Լոնդոնը մեղադրում էր Մոսկվային, ընդ որում առանց ապացույցներ տրամադրելու:
Նախկին վարչապետը Թրամփի հետ զրույցում զրուցակցին կոչ է արել ղեկավարել «Ռուսաստանի դեմ համաշխարհային ակցիան»: Սակայն Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է՝ ասելով, որ առաջին հերթին ԵՄ-ն պետք է միջոցներ ձեռնարկի: Այդ զրույցից հետո, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը հայտարարեց Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանի առաքելությունից 60 ռուսների վտարման մասին:
ԱՄՆ-Բրիտանիա հարաբերություններում լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ Մեյը դարձել է առաջին արտասահմանյան առաջնորդը, որին Թրամփն ընդունել է Սպիտակ տանը: Դա տեղի է ունեցել դեռ 2017-ին, գրում է Daily Mail-ը:
Զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը հարցրել է, թե ինչու է հենց ինքը ղեկավարում կառավարությունը, այլ ոչ թե Բորիս Ջոնսոնը, որն այն ժամանակ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն էր: «Մի՞թե նա չէր ուզում ստանալ այս աշխատանքը», հարցրել է Թրամփը:
Ինչպես պնդում են բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները, Մեյը հիստերիայի եզրին է հայտնվել այդ հարցից հետո, բայց ԱՄՆ առաջնորդին բացատրել է, որ Ջոնսոնն ինքն է հանել իր թեկնածությունը Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրություններից առաջ, որոնք տեղի են ունեցել Դևիդ Քեմերոնի հրաժարականից հետո: