Գերմանիայի նախագահն առաջարկել է պաշտոնական սուգ հայտարարել կորոնավիրուսի զոհերի համար
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբի պարբերականներին հարցազրույցում առաջարկել է պաշտոնական սգո արարողություն անցկացնել Գերմանիայում կորոնավիրուսի զոհերի համար:
Նրա խոսքով` անհրաժեշտ է աջակցել մարդկանց նրանց սգի մեջ եւ կարեկցանք հայտնել հարազատներին:
«Մենք 9.300 զոհ ունենք: Այս թիվն ավելի փոքր է, քան` մյուս երկրներում: Բայց վեց ամսվա ընթացքում այս ցուցանիշը երեք անգամ գերազանցել է տարեկան մահացությունը ճանապարհատրանսպորտային պատահարներից»,- ասել է Շտայնմայերը: Նա նշել է, որ COVID-ից մահը միայնակ մահ է, քանի որ հիվանդները մահանում են առանց հարազատների աջակցության եւ առանց հրաժեշտ տալու հնարավորության:
Շտայնմայերը նշել է, որ նախաձեռնությունը կքննարկի Բունդեսթագի, Բունդեսրատի, դաշնային կառավարության եւ դաշնային սահմանադրական դատարանի հետ` համաձայնության գալու նպատակով ժամանակի եւ ձեւի շուրջ, հաղորդում է DW-ն:
Դաշնային նախագահը մեկնաբանել է համավարակի հետ կապված իրավիճակը եւ սահմանափակող միջոցների քննադատությունը Գերմանիայում: Նա ասել է, որ հասկանում է մարդկանց մտահոգությունները, բայց նշել է, որ նոր վարակների քանակի կրճատումը «համոզիչ փաստարկ է զգուշություն պահպանելու համար»: Շտայնմայերը կարծում է, որ երկրորդ լոքդաուն չի լինի, քանի որ բոլոր քաղաքական գործիչները հասկանում են, որ դա էական վնաս կհասցնի տնտեսությանը:
Անցած 24 ժամվա ընթացքում Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1.378 նոր դեպք, հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը: Համավարակի սկզբից մինչ օրս հանրապետությունում վարակվել է 248 997 մարդ, մահացել է 9324 մարդ: