Պոմպեոն՝ ռուսական եւ չինական պատվաստանյութերի գնահատման մասին. ԱՀԿ-ի հանդեպ իմ վստահությունը մոտ է զրոյին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ամերիկացի հայտնի լրագրող Հյու Հյուիթին տված հարցազրույցում իր դիրքորոշումն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսի դեմ ռուսական եւ չինական պատվաստանյութերի գնահատման վերաբերյալ:
«Ամբողջ աշխարհը պետք է մանրազնին ուսումնասիրի եւ համոզվի, որ մենք ունենք իրական գիտական տվյալներ այնպես, ինչպես պահանջում ենք յուրաքանչյուրից, ով վաճառքի եւ տարածման համար պատվաստանյութ է առաջարկում: ԱՀԿ-ի հանդեպ իմ վստահության մակարդակը մոտ է զրոյին` գիտականորեն հիմնավորված, ոչ թե քաղաքական տեսակետից գործելու նրա ունակության իմաստով: Եվ մենք տեսանք, թե ինչպես են ռուսներն ու չինացիները շտապում այդ պատվաստանյութերը շուկա հանել՝ փորձելով հասնել ոչ թե բժշկական կամ համաճարակաբանական, այլ քաղաքական-դիվանագիտական առաջխաղացման: Դա չի բխում աշխարհի շահերից: Եթե շուկա հանենք պատվաստանյութ, որը չի աշխատում, դա կարող է հանգեցնել հետագա ոչնչացման, մարդկային կյանքերի հետագա կորուստների: Եվ մենք տեսանք, թե ինչպես է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը կոծկել վիրուսը, որը եկել է իրենց երկրից: Հուսով եմ, որ նրանք չեն նախաձեռնի այնպիսի գործողություններ, որոնք ավելի շատ վտանգի կենթարկեն աշխարհը»,- հայտարարել է Մայք Պոմպեոն: