Ռուսաստանը Պորոշենկոյի դեմ պատժամիջոցներ է սահմանել
ՌԴ կառավարությունն ընդլայնել է այն անձանց ցանկը, որոնց նկատմամբ հատուկ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մանրամասնելով, որ ցանկում է ներառվել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նախկին ղեկավարից բացի պատժամիջոցների «սև ցուցակում» են հայտնվել նաև «Օկեան Էլզի» ռոք խմբի մենակատար, ուկրաինական «Գոլոս» կուսակցության նախկին առաջնորդ Սվյատոսլավ Վակարչուկը:
Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 41 մարդ, որոնց՝ ՌԴ տարածքում գտնվող անկանխիկ գումարային միջոցները, չթղթավորված արժեթղթերն ու գույքը սառեցվում և արգելափակվում են:
Նշվում է, որ հիշյալ ցանկը ստեղծվել է 2018թ. հոկտեմբերի 22-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «ՌԴ իրավաբանական անձանց և քաղաքացիների նկատմամբ Ուկրաինայի կողմից ոչ բարեկամական գործողություններով պայմանավորված՝ հատուկ տնտեսական միջոցների կիրառման մասին» հրամանագրով: