Թուրքիան եւ Հյուսիսային Կիպրոսը զորավարժություններ կանցկացնեն Միջերկրական ծովում
Թուրքիան եւ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը Հունաստանի հետ լարվածության ֆոնին զորավարժություններ կանցկացնեն Միջերկրական ծովում: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Anadolu-ն:
Ծովային զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 6-ից 10-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Օգոստոսի 6-ին Հունաստանի եւ Եգիպտոսի արտգործնախարարները համաձայնագիր էին ստորագրել Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման մասին: Փաստաթուղթն արդեն վավերացվել էր երկու երկրների խորհրդարանների կողմից: Հունաստանը հայտարարել էր, որ Եգիպտոսի հետ համաձայնագիրը ապահովում է հունական կղզիների իրավունքը ծովային ջրերի եւ ԲՏԳ-ի նկատմամբ:
Անկարան հայտարարել էր, որ չի ճանաչում փաստաթուղթը, եւ իր Oruc Reis հետազոտական նավը մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկել էր Կաստելորիզո կղզու մոտ գտնվող հունական ջրեր սեյսմիկ հետախուզման համար: Ի պատասխան` Հունաստանն իր զինված ուժերը մարտական պատրաստածության էր բերել եւ հայտարարել էր, որ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները: