Քանյե Ուեսթը Կենտուկի և Միսիսիպի նահանգներում որպես նախագահի թեկնածու գրանցվելու հայտ է ներկայացրել
Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը Կենտուկի եւ Միսիսիպի նահանգներում որպես նախագահի թեկնածու գրանցվելու հայտ է ներկայացրել, գրում է TMZ-ն: Կենտուկիում պետքարտուղարի գրասենյակը հայտնել է, որ Ուեսթն իր թեկնածության հայտը ներկայացրել է ուրբաթ օրը:
Ընտրական շտաբի ներկայացուցիչները նշել են, որ դեռ քննում են ռեփերի կողմից ներկայացված 19.000 ստորագրությունը` որոշելու համար` արդյոք նա կարող է գրանցվել քվեաթերթիկում, թե ոչ: Ընդ որում, դիմում գրանցելու համար անհրաժեշտ է ընդամենը 5000 ստորագրություն Կենտուկի նահանգի գրանցված ընտրողներից:
Ուեսթը դիմում է ներկայացրել նաեւ Միսիսիպիում որպես ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցվելու համար: Պետքարտուղարի գրասենյակը հայտնել է, որ դիմումի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի երեքշաբթի օրը:
Ռեփերն այժմ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցված է 10 նահանգում:
Քանյե Ուեսթը նախագահի պաշտոնին հավակնելու իր մտադրության մասին հայտարարել էր ամռանը:
Հուլիսին Քանյե Ուեսթը դիմում էր ներկայացրել ԱՄՆ նախագահի պաշտոնին Օկլահոմայի նահանգային ընտրական հանձնաժողովում առաջադրվելու համար եւ 35.000 ԱՄՆ դոլար գրանցման վճար էր վճարել: Դրանից հետո նա անցկացրել էր իր առաջին նախընտրական հանրահավաքը Հարավային Կարոլինայում: