ՍԴ դատավորի թեկնածուների շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում. քննարկումներ են ընթանում, որ ԱԺ-ն գոնե 3 թեկնածուից մեկին ընտրի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացառիկ եզրակացություն է տվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի անցյալի, կատարած աշխատանքի վերաբերյալ:
Մասնավորապես, մեր տեղեկություններով` հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունում նշվում է, թե Խունդկարյանի կայացրած դատական որոշումների պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առջև է կանգնել Հայաստանը: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին մեծ գումարներ է պարտագրել վճարել, և վճիռների զգալի մասը քննվել է հենց Խունդկարյանի կողմից: Ու հիմա ԱԺ իշխանական խմբակցությունը ծանր կացության մեջ է. այդ պայմաններում ինչպե՞ս քվեարկել Խունդկարյանի օգտնին:
Հիշեցնենք, որ ԱԺ իշխանական խմբակցության համար անընդունելի է նաև ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, որը մեկ անգամ արդեն մերժվել է նույն մեծամասնության կողմից: Հիմա էլ մտավախություն կա, որ նրան էլի չեն ընտրի:
Ու եթե ԱԺ-ն չընտրի Խունդկարյանիև, Վաղարշյանին, ՀՀ Սահմանադրական դատարանում քվորումի խնդիր է լինելու:
Մի բան հիմա պարզ է. այժմ քննարկումներ են ընթանում, որ գոնե երեք թեկնածուներից մեկին` էդգար Շաթիրյանին, խորհրդարանն ընտրի որպես ՍԴ դատավոր, որը համեմատաբար անվիճելի անցյալ ունի, թեև նրա մասով էլ հիշատակվում է քեռին, որը ԱԱԾ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում: Մեծ հաշվով անբիծ կենսագրություն ունեցող իրավաբան-գիտնականի խնդիր կա երկրում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: