Կորոնավիրուսը՝ քաղաքական հաշվեհարդար տեսնելու պատրվա՞կ. Փաշինյանը «հարամ է արել» ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ծնունդը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 3-ին Մարտունու Արծվանիստ համայնքի պապական տանը, որի բակում նաև մատուռ կա, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը փորձել է նշել ծննդյան 52-ամյակը։
Նիկոլ Փաշինյանը, ով այս օրերին արձակուրդում է, անհայտ աղբյուրներից իմացել է այդ մասին եւ ուղևորվել Արծվանիստի եկեղեցի։ Իբր պատահաբար ճանապարհին ավտոմեքենաներ տեսնելով և լսելով քեֆ-ուրախության ձայներ՝ ահազանգել է մարզի ոստիկանապետին, վերջինս էլ շքախմբով եկել է վարչապետի հանձնարարականը կատարելու։
Ծննդյան միջոցառումը դադարեցվել է, ոստիկանները սկսել են ստուգել՝ խնջույքի մասնակիցները պահպանե՞լ են պարետի սահմանած կանոնները՝ հեռավորություն, քանակ և այլն։ «Դեպքի վայրում» հավաքվել է Արծվանիստի ողջ բնակչությունը։
Մեկն ասաց, որ հյուրերի թիվը չի գերազանցել 50-ը։ Ներկա է եղել նաև եկեղեցու սպասավորը։ Մեզ ասացին, որ Փաշինյանն անձամբ զանգահարել է Մայր Աթոռ և վեհափառին հորդորել՝ կարգի հրավիրել եկեղեցու սպասավորներին։
Արարողոււթյանը մասնակցել են նաև երգիչ Ալիկ եւ Արա Ավետիսյան եղբայրները, գեներալի ազգական Սարոն։
Ոստիկանների այցից հետո գեներալի ինքնազգացողությունն ու տրամադրությունը վատացել են, և նա տուն է գնացել։ Նրա օգնական Գևորգ Ստեփանյանը մեզ հայտնեց, որ ինքը՝ որպես Սարոյանների ընտանիքի բարեկամ, նույնպես մասնակցել է արարողությանը, որ այն Սարոյանի համար էլ է անակնկալ եղել՝ կազմակերպել են հորաքույրներն ու մորաքույրները։ Սարոյանը խնջույքին մասնակցել է մի քանի ժամ, քանի որ առողջական խնդիրները կրկին սրվել են․ «Ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա, կարծեմ, 4 կամ 5 արձանագրություն է կազմվել, որովհետև հյուրերն իսկապես շատ չեն եղել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: