Թրամփը հայտարարել է, որ անջատում է հեռուստացույցը, երբ սկսում են խոսել Ռուսաստանի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել «լեզու գտնել» Ռուսաստանի հետ` նշելով, որ ինքն անջատում է հեռուստացույցը, երբ սկսում են խոսել Ռուսաստանի մասին:
«Նրանք միշտ ասում են.« Թրամփը արմատական է, նա չափազանց արմատական է, նա մեզ պատերազմի կհասցնի»,- ասաց Թրամփը Փենսիլվանիա նահանգի Լաթրոբ քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ: «Ես ձեզ հետ եմ պահել պատերազմներից: Ի՞նչ տեղի ունեցավ Հյուսիսային Կորեայի հետ: Ես լեզու եմ գտել Կիմ Չեն Ընի հետ: Նրանք ասացին, որ դա սարսափելի է: Եթե ես լեզու գտնեմ Ռուսաստանի հետ, դա լավ է, թե՞ վատ: Կարծում եմ` լավ»:
Անդրադառնալով դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆին` Թրամփը նշել է. «Այս մոլագարները միշտ խոսում են Ռուսաստանի մասին: Նրանք երբեք չեն խոսում Չինաստանի մասին: Դա միշտ Ռուսաստանն է: Բացարձակ մոլագարներ, խորամանկ Շիֆը բացարձակ մոլագար է: Ես անգամ չեմ կարող լսել: Այլ երկրների հետ շփվելը լավ է: Դա շատ լավ է, վատ չէ: Դա շատ լավ է»:
Հանրահավաքին Թրամփը նաեւ ծաղրել է իր դեմոկրատ հակառակորդ, նախկին փոխնախագահ Զոզեֆ Բայդենին` դիմակ կրելու համար, եւ ենթադրել է, որ դա նշանակում է, որ նա ապահով զգալու հոգեբանական կարիք ունի:
«Դուք երբևէ տեսե՞լ եք մեկին, ով սիրում է այնքան դիմակավորվել, որքան նա»,- հարցրել է Թրամփը հավաքվածներին` նկատելով, որ մարդիկ պետք է լվանան ձեռքերը եւ դիմակներ կրեն կարճ հեռավորությունների վրա: «Եթե ես հոգեբույժ լինեի, կասեի, որ այդ տղան մեծ խնդիրներ ունի»,- ասել է Թրամփը: