Խմբակցության ներսում կրկին համաձայնության չեն հասել․ «բազմաչարչար» նախագծերի քննարկման հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Դեռևս հուլիսի 9-ին կառավարության կողմից ընդունված եւ անհետաձգելի համարված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը կրկին հետաձգվեց: Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չի կարողանում միասնական տեսակետ ձեւավորել եւ կողմ կարծիք արտահայտել նախագծի վերաբերյալ:
Նշենք, որ այդ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է 300-500 հազար դրամի չափով տուգանքի նշանակում բժիշկներին:
Հուլիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել եւ բուռն քննարկել նախագիծը, եւ արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին: Սակայն նախագիծը չի քննարկվի նաեւ սեպտեմբերին, քանի որ խմբակցության ներսում կրկին համաձայնության չեն հասել, եւ նախագիծը կրկին մերժվել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: