ԱՄՆ իշխանություններին խորհուրդ են տվել մինչեւ նոյեմբեր կորոնավիրուսային պատվաստանյութերի բաշխման պլան մշակել
Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները (ՀՎԿԿ) ) խորհուրդ է տվել, որպեսզի ամերիկյան բոլոր նահանգների եւ հինգ խոշոր քաղաքների իշխանությունները նախապատրաստեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին բնակչությանը բաժանելու պլանը, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The New York Times-ը:
Պարբերականի լրագրողները ծանոթացել են օգոստոսի 27-ին ՀՎԿԿ-ի կողմից ուղարկված փաստաթղթերին: Նույն օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում պատվաստանյութի մշակումը կարող է ավարտվել այս տարվա վերջին:
ՀՎԿԿ-ում ԱՄՆ բոլոր նահանգների, ինչպես նաեւ Նյու Յորքի, Չիկագոյի, Ֆիլադելֆիայի, Հյուսթոնի եւ Սան Անտոնիոյի իշխանություններին խորհուրդ է տրվել պատրաստվել երկու տեսակի պատվաստանյութ բաշխել բուժաշխատողների եւ քաղաքացիների առավել խոցելի խմբերի շրջանում:
Վերջիններիս թվում են 65-ից բարձր տարիքի մարդիկ, էթնիկական եւ ռասայական փոքրամասնությունները, ինչպես նաեւ բանտարկյալները: Թե կոնկրետ ինչ տեսակի դեղամիջոցների մասին է խոսքը, փաստաթղթերում նշված չէ: Պարբերականի գնահատմամբ` նյութերում նկարագրված պատվաստանյութերը համընկնում են Pfizer-ի եւ Moderna-ի հետ:
Ինչպես հետեւում է նյութից, ՀՎԿԿ-ն խոստովանել է, որ «պլանը ենթադրական է»: Այն ենթադրվում է նախապատրաստել, եթե ԱՄՆ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարության սննդի եւ դեղամիջոցների վարչությունն այս տարի հաստատի մեկ կամ երկու տեսակի պատվաստանյութ:
Պարբերականի լրագրողների կողմից հարցված փորձագետները մտավախություն են հայտնել, որ Թրամփի վարչակազմը կարող է հասնել պատվաստանյութի հաստատմանը երկրում մինչեւ նախագահական ընտրությունները քաղաքական նպատակներով: Ըստ Զոնս Հոփքինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 6.1 միլիոն դեպք եւ մահվան ավելի քան 185.6 հազար դեպք: