Բայդենը Թրամփին մեղադրել է համավարակի պայմաններում դպրոցների անվտանգությունն ապահովեու անկարողության մեջ
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը առաջիկա ընտրություններում իր մրցակցին՝ Դոնալդ Թրամփին մեղադրել է համավարակի դեմ պայքարում անգործության եւ դպրոցներում դասերը վերսկսելու ծրագրի բացակայության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Եթե ներկայիս ճգնաժամի ընթացքում նախագահ Թրամփը եւ նրա վարչակազմը կատարեին իրենց պարտականությունները, ամերիկյան դպրոցները բաց կլինեին, եւ այնտեղ սովորելը անվտանգ կլիներ»,- Դելավեր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը Բայդենի խոսքերն է մեջբերում CNN-ը: «Փոխարենը, ամբողջ երկրի ամերիկյան ընտանիքները ստիպված են վճարել նրա ձախողումների եւ նրա վարչակազմի ձախողումների համար»:
Ինչպես ընդգծել է Բայդենը, համավարակի պայմաններում Թրամփի վարչակազմը դասերը վերսկսելու «իրական ծրագիր չունի»: Իր կողմից նա ընդգծել է դպրոցներին շտապ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու անհրաժեշտությունը: «Նախագահ Թրամփը եւ կրթության նախարար Բեթսի Դեւոսը չեն միջամտել իրավիճակին, եւ մենք տեսնում ենք, թե դա ուր է հասցրել»,- հավելել է նա: «Միլիոնավոր դպրոցականներ նոր ուսումնական տարին սկսում են այնպես, ինչպես նրանք ավարտեցին վերջին ուսումնական տարին՝ տանը»:
Միաժամանակ, նահանգների եւ խոշոր քաղաքների իշխանությունները ձեռնարկում են անկախ միջոցառումներ` դպրոցներում ուսումնական գործընթացի անվտանգությունն ապահովելու համար: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն այս շաբաթ հայտարարեց, որ քաղաքի դպրոցներում դեմ առ դեմ դասերը կսկսվեն սեպտեմբերի 21-ին` սովորականից 10 օր ուշ: Նյու Յորքի դպրոցական շրջանի համար, որն ունի 1,8 հազար դպրոց եւ 1,1 միլիոն աշակերտ, իշխանությունները կորոնավիրուսի թեսթավորման խիստ չափանիշներ են սահմանել։ Դպրոցները կփակվեն, եթե յոթ օրվա ընթացքում շրջանում վարակների թիվը գերազանցի 3%-ը, մինչդեռ մնացած դպրոցական շրջանների համար այս չափանիշը 5% է:
Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում ամերիկյան իշխանությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ պաշտոնական աղբյուրների զեկույցների հիման վրա, ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակի ավելի քան 6,09 միլիոն դեպք է գրանցվել, ավելի քան 184,8 հազար մարդ մահացել է: Մահվան ամենամեծ քանակը՝ 32 971, գրանցվել է Նյու Յորք նահանգում: