30 միլիոն եվրո՝ 3 տարվա համար. «Յուվենտուսը» պայմանագիր է առաջարկել Սուարեսին
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկա օրերին ավարտել կատալնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի տեղափոխության գործարքը:
Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» 33-ամյա հարձակվողին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով: «Բարսելոնայում» Սուարեսի աշխատավարձը կազմում է տարեկան 15 միլիոն եվրո:
«Բարսելոնան» Լուիս Սուարեսի վաճառքից ստացվելիք գումարը մտադիր է օգտագործել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու նպատակով:
Լուիս Սուարեսի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև նրա նախկին ակումբը՝ հոլանդական «Այաքսը», որտեղ Սուարեսը հանդես է եկել 2007-2011 թվականներին:
Սուարեսը, որի պայմանագիրն Իսպանիայի փոխչեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է մնալ «Բարսելոնայում», եթե նույնիսկ լինի պահեստային խաղացող: