Ահմեդ Դավութօղլու. Թուրքիայում թաքցնում են կորոնավիրուսով հիվանդացության իրական ցուցանիշները
Թուրքիայում թաքցնում են կորոնավիրուսով հիվանդացության իրական ցուցանիշները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, գրում է Israel Hayom թերթը:
Թերթը նշում է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում վերջին 3 օրում վարակվել է 1491-1549 մարդ, 26-39 մարդ մահացել է: 83 մլն բնակչություն ունեցող երկրի համար դա լավ թիվ է, սակայն աշխարհը կասկածում է այդ թվերին:
Թուրքիան մնում է «կարմիր» երկիր այն պատճառով, որ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան թաքցնում են իրական թվերը: Այժմ Էրդողանը քննադատության է արժանանում իր ոչ միայն ընդդիմադիրների կողմից, այլ նաեւ իր նախկին դաշնակից, նախկին վարչապետ եւ նախկին արտգործնախարար Դավութօղլուի կողմից:
Թերթը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ քննադատում են «տնից»: «Ճիշտ է, Դավութօղլուն այլեւս Արդարություն եւ զարգացում կուսակցության անդամ չէ, սակայն քաղաքական առաջնորդ է, ով աջակցում է նեոօսմանիզմը: Բացի այդ, Դավութօղլուն ակադեմիկոս է, քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր: Այդ համատեքստում նա շահեկան դիրքում է»,-գրում է թերթը:
Դավութօղլուն նաեւ հայտարարել է, որ ԱԶԿ-ն դարձել է «ընտանեկան կուսակցություն»:
«Ամբողջ Թուրքիայով վարակման մասշտաբների մշտական բնույթն անտրամաբանական է: Թուրքական տնտեսությունն այնքան փխրուն է, որ մենք չենք կարող նոր կարանտին մեզ թույլ տալ»,-կարծիք է հայտնել բժիշկ Էյթան Քոեն Յանարոչակը: