«Յուվենտուսը» պատրաստ չէ Սուարեսին վճարել տարեկան 10 միլիոն եվրոյից ավել աշխատավարձ
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը բանակցություններ է վարում կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի ներկայացուցիչների հետ:
Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» հայտնել է 33-ամյա հարձակվողին, որ ակումբը պատրաստ չէ նրան վճարել տարեկան 10 միլիոն եվրոյից ավել աշխատավարձ: «Բարսելոնայում» Սուարեսի աշխատավարձը կազմում է տարեկան 10 միլիոն եվրո:
«Բարսելոնան» Լուիս Սուարեսի վաճառքից ստացվելիք գումարը մտադիր է օգտագործել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու նպատակով:
Լուիս Սուարեսի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև նրա նախկին ակումբը՝ հոլանդական «Այաքսը», որտեղ Սուարեսը հանդես է եկել 2007-2011 թվականներին:
Սուարեսը, որի պայմանագիրն Իսպանիայի փոխչեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է մնալ «Բարսելոնայում», եթե նույնիսկ լինի պահեստային խաղացող: