Մակրոնը Լիբանանին շուտափույթ կառավարություն ձեւավորելու կոչ է արել` բարեփոխումներ իրականացնելու նպատակով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել շուտափույթ նոր կառավարություն ձեւավորել Լիբանանում, որի նպատակը պետք է լինի բարեփոխումների իրականացումը: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը լրագրողներին ասել է չորեքշաբթի երեկոյան` Բեյրութ ժամանելուց հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ակնհայտ է, որ իմ այցի նպատակներից մեկը քաղաքական իրավիճակի գնահատումն է»,- ասել է Մակրոնը: «Ես տեսա, որ վերջին ժամերին սկսվեց մի գործընթաց, որը թույլ տվեց վարչապետ նշանակել»: Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ «բարեփոխումներ իրականացնելու կոնկրետ խնդրով պետք է որքան հնարավոր է շուտ կառավարություն ձեւավորվի»: Նա պարզաբանել է, որ «խոսքը, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ արդարադատության ոլորտում բարեփոխումների մասին է»:
Ֆրանսիայի ղեկավարը նաեւ նշել է, որ մեկ ամսվա ընթացքում Լիբանան կատարած իր երկրորդ այցի ընթացքում նա մտադիր է իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել «մարդասիրական օգնություն տրամադրելու եւ վերակառուցման համար պայմաններ ստեղծելու խնդիրները»:
Մակրոնը հիշեցրել է, որ օգոստոսի 9-ին Ֆրանսիան, ՄԱԿ-ի աջակցությամբ, միջազգային կոնֆերանս էր կազմակերպել օգոստոսի սկզբին Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Բեյրութին եւ լիբանանցիներին օգնելու վերաբերյալ: Դոնորների արտակարգ տեսակոնֆերանսի արդյունքում ավելի քան քառորդ միլիարդ եվրո է հավաքվել` մասնակից երկրների ֆինանսական պարտավորությունների տեսքով:
Երեքշաբթի օրը Մակրոնը բանակցություններ կվարի Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, կմասնակցի Մեծ Լիբանանի հռչակման 100-ամյակի տոնակատարության արարողությանը Ֆրանսիայի մանդատի ներքո եւ կայցելի Բեյրութի` պայթյունից տուժած թաղամասեր: