Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալի Հասանովը ներգրավված է որպես մեղադրյալ ԶԼՄ-ների զարգացման պետական աջակցության հիմնադրամում իրավախատումների եւ լրագրողներին բնակարաններ տրամադրելու կապակցությամբ հարուցված քրեական գործում:
Ինչպես հայտնում է Azeri Daily-ն, կապ է հաստատվել Թուրքիայում գտնվող կլինիկայի հետ, որտեղ գտնվում է Ալի Հասանովը, այն հարցով` արդյոք նրա առողջությունը թույլ է տալիս ինքնաթիռով վերադառնալ: Հասանովին հայտնել են, որ եթե նա մոտ ժամանակներս չվերադառնա, ապա նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի եւ նրան կտեղափոխեն Ադրբեջան:
ԶԼՄ-ների զարգացման պետական աջակցության հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից կատարված անօրինական գործողությունների համար Գլխավոր դատախազությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 179.4 (խոշոր չափերի յուրացում), 308.1 (պաշտոնեական դիրքի չարաշահում), 308-1.2 (պետական բյուջեից խոշոր չափերի միջոցների ոչ նպատակային օգտագործում) եւ 308-2.4 (ապօրինի պետական գնումներ) հոդվածներով: Ներկայումս քրեական գործի շրջանակներում ինտենսիվ քննչական միջոցառումներ են ընթանում` հանցագործների շրջանակը բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: