Թրամփը հայտարարել է, որ «Սեւերի կյանքերը նշանակություն ունեն» գրությունը Նյու Յորքում զայրույթ է առաջացնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Black Lives Matter («Սեւերի կյանքերը նշանակություն ունեն») շարժման հսկայական գրությունը Նյու Յորքի կենտրոնում գտնվող Trump Tower երկնաքերի դիմաց ասֆալտի վրա շատերի մոտ զայրույթ է առաջացնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Fox News-ի եթերում ԱՄՆ առաջնորդը նշել է, որ վերջին ամիսներին Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի խնդրանքով նա բազմիցս օգնություն է հատկացրել ԱՄՆ խոշորագույն մայրաքաղաքին նոր կորոնավիրուսի համավարակի ֆոնին: «Ես այնքան շատ բան արեցի, իսկ ի՞նչ եղավ հետո: Նա թողեց Black Lives Matter գրությունը Trump Tower-ի դիմաց»,- ասել է Թրամփը` խոսելով դե Բլազիոյի մասին:
«Մարդիկ վանդալիզմի գործողություններ են կատարում դրա նկատմամբ: Մարդիկ այնքան զայրացած են: Դա այնքան է զայրացնում: Գիտեք ինչ է կատարվում: Մարդիկ ներկ են լցնում դրա վրա,- ասել է Թրամփը:- Քանի որ դա որպես վատ բան է մտածվել»:
Դե Բլազիոն հուլիսի սկզբին մասնակցել էր ասֆալտի վրա կարգախոսը գրելուն: Գրությունն առնվազն երկու անգամ փորձել էին ներկով ծածկել: Trump Tower-ում գտնվում է Trump Organization խոշոր ընկերության կենտրոնական գրասենյակը: 2016-ին նույն շենքում տեղակայված էր Թրամփի նախընտրական շտաբը: Հունիսի սկզբին դե Բլազիոն հայտարարել էր, որ «Սեւերի կյանքերը նշանակություն ունեն» գրությունը կհայտնվի Նյու Յորքի բոլոր թաղամասերի փողոցներին:
Black Lives Matter շարժումը ակտիվորեն մասնակցում է զանգվածային բողոքներին, որոնք սկսվել են ԱՄՆ-ում Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի Զորջ Ֆլոյդի մահվից հետո: Մայիսի 25-ին ոստիկանությունը նրա ձերբակալման ժամանակ խեղդող հնարք էր կիրառել: Ձերբակալությանը մասնակցած բոլոր չորս իրավապահներն աշխատանքից հեռացվել են, նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել: