«Արարատի» եւ «Փյունիկի» հայտարարությունները՝ Գոռ եւ Էդգար Մալաքյանների ձերբակալության վերաբերյալ
Երեւանի «Փյունիկ» եւ «Արարատ» ֆուտբոլային ակումբները պաշտոնական հայտարարություններով մեկնաբանել են ֆուտբոլիստներ Գոռ եւ Էդգար Մալաքյանների ձերբակալությունը։
««Արարատ» ֆուտբոլային ակումբը խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ օգոստոսի 30-ին Կենտրոն համայնքում տեղի ունեցած զանգվածային միջադեպի արդյունքում ձերբակալվել են Գոռ և Էդգար Մալաքյանները, որոնցից Էդգարը հանդիսանում է «Արարատի» ֆուտբոլիստ:
Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի արդյունքում հասարակության մոտ ստեղծվել է թյուր կարծիք տեղի ունեցածի մասին: Հույս ունենք, որ իրավապահները օբյեկտիվ քննություն կվարեն և կներկայացնեն ողջ եղելությունը:
«Արարատ» ակումբը մշտապես կապի մեջ է ֆուտբոլիստների փաստաբանների հետ և մեծ ուշադրությամբ կհետևի իրադարձությունների հետագա զարգացմանը»,- նշվում է «Արարատի» հայտարարությունում:
«Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, երեկ Երևանում տեղի է ունեցել միջադեպ երկու երիտասարդների և ոստիկանության աշխատակիցների միջև։
Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։
Ակումբը ցանկանում է նշել, որ մտահոգված է կատարվածի առիթով և ակտիվ համագործակցում է ոստիկանության և իրավաբանների հետ։ Ցանկանում ենք նշել, որ միջադեպին մասնակից է եղել «Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։
Տարածված այն լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել միջադեպին և ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները։
«Փյունիկ» ՖԱ-ն կհետևի հետաքննության ընթացքին»,- նշվում է «Փյունիկի» հայտարարությունում։
Գոռ Մալաքյանը «Փյունիկի» խաղացող է։