Սևանա լճի ճահճացման խնդրի լուծմանն ուղղված աշխատանքի իմիտացիա է ստեղծվում. Վահագն Վարագյան
«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Սեւանա լճի ափամերձ տարածքներում իրականացվել է էկոերթ՝ լիճը դիտարկելու եւ տվյալներ հավաքագրելու համար։
Էկոերթին մասնակցում էին ՀՀ տարբեր քաղաքների բնապահպաններ, ովքեր ոլորտի մասնագետների հետ դիտման ենթարկեցին Սեւանի ափամերձ տարածքներում կենսազանգվածի մաքրման աշխատանքները, ինչպես նաեւ գրանցեցին լճի վրա առավել բացասական ազդեցություններով հարուստ օջախները: Կատարված աշխատանքների արդյունքում հավաքագրված տեղեկությունները կամփոփվեն Սեւանա լճի հիմնախնդրի մասին ստեղծվող տվյալների բազայում:
«Սեփական աչքերով Սեւանի վատթարացող վիճակը տեսնելն ու արձանագրելը կրկնապատկել է պատասխանատվության զգացողությունս: Կատարված աշխատանքներին մասնակցելով՝ մեր փոքրիկ ներդրումն ենք կատարել բնապահպանական գործում, ինչը հնարավորություն տվեց որպես քաղաքացի մեզ պիտանի զգալ»,- նշում է Էկոերթի մասնակից Դանիելա Զանազանյանը:
«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Վարագյանը, խոսելով էկոերթի մասին, նշում է. «Հերթական անգամ արձանագրում ենք, որ պատկան մարմինների կողմից կարծես՝ Սեւանա լճի ճահճացման խնդրի լուծմանն ուղղված աշխատանքի իմիտացիա է ստեղծվում, բայց փաստն այն է, որ հրատապ լուծում պահանջող հարցերը մնում են չլուծված, փոխարենը բարձրաձայնվում են մի քանի տարի հետո լուծում պահանջող խնդիրները, իսկ Սեւանի վիճակը շարունակում է սրվել»:
Նշենք, որ Էկոերթի անցկացման նպատակն է Սեւանա լճի հիմնախնդրի լուծմանն ուղղված խնդիրները դարձնել ավելի շոշափելի եւ առարկայական, ինչպես նաեւ ներգրավվել հասարակությանը բնապահպանական խնդիրների բարձրաձայնման գործընթացներին: