Կորոնավիրուսով վարակված 67 պացիենտ երեք հաստատություններից տեղափոխվել է Երևան
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաեւ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր ինչ կայուն վիճակ եւ անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը:
Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երեւան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումը իրականացնելու է առողջապահության նախարարությունը:
Հավելեմ նաեւ, որ Մարտունու բժշկական կենտրոնի եւ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման եւ տեղափոխման):
Այս պահին մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը»: