Թրամփն Աբեին Ճապոնիայի պատմության մեծագույն վարչապետն է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան Ճապոնիայի պատմության մեծագույն վարչապետն է անվանել: Այս մասին Twitter-ում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Զուդ Դիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը եւ վարչապետ Սինձո Աբեն երեկ երեկոյան երկար հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել են վերջին չորս տարիները: Երկու առաջնորդներն էլ նշել են, որ իրենց հարաբերությունները բացառիկ են: Նախագահը Աբեին Ճապոնիայի պատմության մեջ ամենամեծ վարչապետ է անվանել»,- նշել է Դիրը:
Ըստ նրա` Թրամփն «ասել է, որ վարչապետ Աբեն ֆանտաստիկ աշխատանք է կատարել եւ որ ԱՄՆ-ի և Ճապոնիայի հարաբերություններն այսօր ավելի լավ են, քան երբեւէ»: «Չնայած վարչապետ Աբեն շուտով կլքի իր պաշտոնը` նախագահը նշել է, որ նա անկասկած կշարունակի մեծ դեր ունենալ Ճապոնիայի ապագայում: Երկու առաջնորդներն էլ հույս են հայտնել, որ իրենց հրաշալի ընկերությունը կշարունակվի երկար տարիներ»,- եզրափակել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Դրանից հետո ԱՄՆ առաջնորդն ինքը Twitter-ում իր «ընկերոջ` վարչապետ Սինձո Աբեի հետ» հեռախոսազրույցը հիանալի էր անվանել: Նախագահի խոսքով` «շուտով Սինձոն Ճապոնիայի պատմության ամենամեծ վարչապետը կճանաչվի»: Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-Ճապոնիա հարաբերություններն Աբեի օրոք աննախադեպ բարձունքների են հասել:
Ըստ Кyodo գործակալության` Ճապոնիայի վարչապետը Սպիտակ տան ղեկավարին տեղեկացրել է իր առողջական վիճակի վատթարացման պատճառով պաշտոնաթող լինելու մասին: Գործակալության տվյալներով` Աբեի համար Թրամփի հետ զրույցն առաջին խոսակցությունն էր օտարերկրյա ղեկավարներից որեւէ մեկի հետ` առաջիկա պաշտոնաթողության մասին հայտարարությունից հետո:
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը նշել էր, որ շատ վշտացած է Սինձո Աբեի հրաժարականի կապակցությամբ: Թրամփն Աբեին նաեւ իր «շատ լավ ընկեր» էր անվանել: