«Հանդիսատեսը հիմնականում կլսի այն թեմաներից, որոնք նորմալ կյանքում են մեզ հետ պատահում. այդ չարաբաստիկ թեման ուզում ենք շրջանցել». «Վայ, Գրիգ, Գրիգ» stand up-ը վերադառնում է բացօթյա ֆորմատով
Հումորիստ, հաղորդավար Գրիգ Գեւորգյանի «Վայ, Գրիգ, Գրիգ» stand up ներկայացումը վերադառնում է: Արտակարգ դրությամբ պայմանավորված երկարատեւ ընդմիջումից հետո հումորային շոուն կկայանա աեպտեմբերի 12-ին` Radisson Blu հյուրանոցի բացօթյա սրահում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գրիգը նշեց, որ մեծ ոգեւորությամբ է սպասում առաջիկա ներկայացմանը, եւ կարծում է` կարանտինից հետո այն լավ առիթ կլինի ցրվելու եւ լիցքաթափվելու խնդիրներից.
«Բացօթյա stand up է լինելու: Հանդիսատեսի քանակը մեծ չի լինի, ինչպես սովորաբար, որովհետեւ տարածքը թույլ չի տալիս ավելի մեծամասշտաբ անել, սակայն մարդիկ կգան, ժամանակ կանցկացնեն, որովհետեւ ամիսներ շարունակ տանն են եղել եւ նման բաների կարիք ունեն: Ես պատրաստ եմ, իսկ իմ թիմը մաքսինալ հարմարավետ պայմաններ է ստեղծել հանդիսատեսի համար:
Գիտենք, որ շատերը երեխաներ ունեն, որոնց այս շրջանում տանը պահելը շատ դժվար է: Այդպիսով, նրանց համար էլ սրահից քիչ հեռու մանկական խաղահրապարակ կա, որը եւս մտնում է stand up-ի տոմսի մեջ: Փորձել ենք գնային այն նշաձողը չսահմանել, ինչը կսահմանեինք կարանտինից առաջ` հասկանալով, որ մարդկանց մոտ տարբեր ֆինանսական դժվարություններ կան այս իրավիճակով պայմանավորված»,-ասում է հումորիստը` խոստովանելով,-«Շատ եմ կարոտել հանդիսաեսին: Ժամանակին դա շատ սովորական էր, հիմա երանելի բան է դարձել, որ հումոր անես ու մարդիկ ծիծաղեն դրա վրա: Հիմա դա երազանքի նման տարօրինակ բան է թվում: Հուսանք` շուտով այդ ամեն ինչը կդառնա իրականություն ու կսկսվի նոր շրջան ոչ միայն իմ, այլեւ իմ կոլեգաների, առհասարակ, մշակույթի կյանքում: Կսկսենք բացօթյա վայրերում, բայց հոկտեմբերից ինձ համար շատ դժվար կլինի, որովհետեւ ես անձամբ շատ մրսկան եմ (ծիծաղում է)»:
Անդրադառնալով ներկայացման հետագա ընթացքին` Գրիգը նշեց.
«Սեպտեմբերի 12-ին դադարից հետո կլինի առաջին ներկայացումը: Մեզ համար սա փորձնական բան էր, որովհետեւ մենք էլ չգիտեինք մարդկանց տրամադրվածությունը, թեեւ զգացել էինք, որ պահանջը կար: Դեռ մի քանի օր է, ինչ տոմսերը հանել ենք վաճառքի, իսկ արձագանքն արդեն մեծ է: Եթե այսպես շարունակվի, կմտածենք մյուս ներկայացման մասին»:
Գրիգը հավելեց, որ ծրագրում պանդեմիային շատ քիչ անդրադարձ կլինի, քանի որ նրա կարծիքով` մարդկանց ոչ թե պետք է հիշեցնել այդ թեմայի մասին, այլ հակառակը` կտրել այդ խնդիրներից.
«Որոշ չափով պանդեմիային կանդրադառնանք, բայց դա ինքնանպատակ չէ. կլինի միայն ֆոնային խոսակցություն այդ մասին: Ինձ թվում է` ամբողջ մարդկությունն արդեն այնքան է հոգնել այս թեմայից, ու մարդկանց 6 ամիս տունը մնալուց հետո բերես նորից կատակներ անես կորոնավիրուսի հետ կապված, կարծում եմ` հոգնեցուցիչ է: Հանդիսատեսը հիմնականում կլսի այն թեմաներից, որոնք նորմալ կյանքում են մեզ հետ պատահում: Այդ չարաբաստիկ թեման մենք ուզում ենք շրջանցել: Չքննադատելով ոչ մեկին` անկեղծ պիտի ասեմ, որ կորոնավիրուսի հետ կապված հումոր անելն աշխարհում ամենահեշտ բանն է հիմա, բացի այդ` դրա ակտուալությունն էլ արդեն անցել է: Այդ մասին արդեն անդրադարձել ենք «Երեկոն «Շանթում» Գրիգի հետ» նախագծի շրջանակում»:
Գրիգի խոսքով` կինը` պարուհի Սոնա Եսայանը, իր շոուին մասնակից չի լինի, բայց համատեղ ներկայանալու մտքեր կան, որոնց մասին հումորիստը նախընտրեց առայժմ չբարձրաձայնել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: