Թրամփը հայտարարել է, որ միայն ուժը կարող է վերջ տալ անկարգություններին ԱՄՆ-ում
Ժողովրդավարների ղեկավարության տակ գտնվող ԱՄՆ քաղաքներում բռնությունները կարող են դադարեցվել միայն բռնի ուժով: Այսպիսի կարծիք է կիրակի օրը Twitter- ում հայտնել Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը` խոսելով երկրում տեղի ունեցող անկարգությունների ալիքի մասին, այդ թվում` Պորտլենդում (Օրեգոն), փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դեմոկրատների ղեկավարած, հանցավորության բարձր մակարդակով քաղաքներում բռնությունը դադարեցնելու միակ միջոցը բռնի ուժն է», - գրել է պետության ղեկավարը:
ԱՄՆ առաջնորդը հերթական անգամ քննադատության է ենթարկել Պորտլենդի քաղաքապետ Թեդ Ուիլերին` նրան «խելագար, ձախ արմատական, ոչինչ չանող դեմոկրատ անվանելով, ով հետեւում է իր քաղաքի զանգվածային վախճանին ու ավերմանը»: «Պորտլենդի, ինչպես մեր մեծ ազգի բոլոր քաղաքների ու մասերի բնակիչները, կարգ ու կանոն են ցանկանում: Ձախ արմատական դեմոկրատ քաղաքապետերը, ինչպես Պորտլենդը ղեկավարող հիմարը, չեն կարող դա անել»,- կարծում է Թրամփը: ԱՄՆ նախագահը նաեւ պնդում է, որպեսզի քաղաք ազգային գվարդիա մտցվի: Տեղական իշխանությունները մերժում են այս առաջարկը:
Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության ղեկավարի պաշտոնակատար Չեդ Վուլֆը հայտարարել էր, որ Պորտլանդում «քաոս է եւ անօրինականություն» է տիրում: Նա նաեւ շեշտել էր, որ ՆԱՆ-ը պատրաստ է օգտագործել բոլոր ռեսուրսները Պորտլանդում իրավիճակը կարգավորելու համար, որտեղ բողոքի ցույցերն ու անկարգությունները շարունակվում են ավելի քան 90 օր:
Զանգվածային բողոքի ցույցերն ու անկարգություններն ԱՄՆ մի շարք քաղաքներում բռնկվել էին մայիսի վերջին` Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի Զորջ Ֆլոյդի մահից հետո. ոստիկանությունը նրան ձերբակալելիս խեղդող հնարք էր կիրառել: Օպերացիային մասնակցող բոլոր չորս ոստիկաններն աշխատանքից հեռացվել էին, նրանց դեմ մեղադրանք էր առաջադրվել: Կարգի վերականգնման համար տեղական իրավապահ մարմիններին միացել էր ԱՄՆ ազգային գվարդիան: Շուրջ 40 քաղաքում, այդ թվում` Վաշինգտոնում եւ Նյու Յորքում, պարետային ժամ էր հայտարարվել:
Ամենախոշոր ակցիաներն անցկացվել են Պորտլենդում: Քաղաքի ոստիկանությունը հայտնել էր, որ շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում մեկ մարդ է զոհվել: Ըստ The Associated Press գործակալության` անցած գիշերը նշանավորվել էր բախումներով Black Lives Matter շարժման հետեւորդների եւ Թրամփի կողմնակիցների միջեւ: Ձերբակալվել էր 10 մարդ: