Ադրբեջանը Ռուսաստանից հստակություն է ակնկալում «Հայաստանի ինտենսիվ զինման» հարցում
Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է զենքի վաճառքը Հայաստանին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Վերջերս Հայաստանի սպառազինությունը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանի հասարակության, մեր պետության մոտ»,- ասել է Հաջիևը:
Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ այդ հարցը նախագահ Իլհամ Ալիևը բարձրացրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առջեւ:
«Ռուսաստանից տարբեր ուղղություններով բեռներ են տեղափոխվում, եւ դա մեր հասարակության շրջանում մտահոգություն է առաջացնում: Մենք լիովին բավարարված չենք ռուսական կողմի բացատրությամբ, սպասում ենք պարզաբանման, թե ինչի հիման վրա է շարունակվում Հայաստանի ինտենսիվ զինումը: Թովուզյան իրադարձությունների ընթացքում Հայաստանը ցույց տվեց, որ շարունակում է իր օկուպացիոն քաղաքականությունը: Մեզ չի բավարարում այն պատասխանը, որ իբր ինքնաթիռները շինանյութեր էին տեղափոխում: Բեռները կարող են տեղափոխվել նաեւ այլ եղանակներով»,- ասել է Ադրբեջանի ղեկավարի օգնականը: