Նյու Յորքի Մետրոպոլիտեն-թանգարանն իր դռներն է բացել այցելուների համար
Նյու Յորքի Մետրոպոլիտեն-թանգարանը կորոնավիրուսի համավարակի պատճառով երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսել է աշխատանքը: Այս մասին է վկայում թանգարանի կայքում հրապարակված տեղեկատվությունը:
Մետրոպոլիտեն-թանգարանն աբոնեմենտներ ունեցողների համար իր դռները բացել է օգոստոսի 27-ից, իսկ մնացած բոլորի համար` օգոստոսի 29-ից: Այն աշխատում է շաբաթական հինգ օր, բացառությամբ երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերի: Հինգշաբթիից ուրբաթ (ներառյալ) աշխատանքի ժամերն են՝ 12:00 - 19:00՝ ԱՄՆ արեւելյան ափի ժամանակով, շաբաթ օրվանից մինչեւ երկուշաբթի (ներառյալ)` 10:00 - 17:00, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թանգարանի տնօրինությունը, համավարակի հետ կապված, սանիտարական անվտանգության միջոցառումներ է սահմանել: Այցելուները պարտավոր են պաշտպանիչ դիմակներ կրել, միմյանցից անվտանգ հեռավորություն պահպանել, նրանց թիվը չպետք է գերազանցի տարածքի առավելագույն տարողունակության 25%-ը: Մուտքի մոտ հյուրերի ջերմությունը չափվում է, հանդերձարանները ժամանակավորապես փակ են, բուֆետների տեսականին սահմանափակվում է միայն ըմպելիքներով:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն թույլատրել է օգոստոսի 24-ից բացել թանգարաններն ու մշակութային այլ օբյեկտները: Մետրոպոլիտեն-թանգարանը, Քարնեգի-հոլը եւ մայրաքաղաքի մյուս համերգասրահները, թատրոններն ու գեղարվեստի պատկերասրահները մարտից փակ էին: Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը չեղյալ է հայտարարել բոլոր ներկայացումները եւ հյուրախաղերը: Քարնեգի-հոլը վերջերս չեղարկել է բոլոր ներկայացումները՝ մինչեւ 2021թ․ հունվարի 6-ը:
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,992 միլիոն դեպք, մահացել է 182 025 մարդ: