Մեսին չի ներկայանա բուժզննման «Բարսելոնայում»
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կատալոնական ակումբի ղեկավարությանը տեղյակ է պահել, որ չի ներկայանա բուժզննման, որը նախատեսված է արձակուրդից հետո եւ մարզումային գործընթացի վերսկսումից առաջ հաջորդ շաբաթ, հաղորդում է RAC1-ը։ Ֆուտբոլիստները նաեւ պետք է հանձնեն կորոնավիրուսի թեստ։
33-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում խաղալ հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմում։ Նա մտադիր է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում» կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ։
«Բարսելոնան» Մեսիի տրանսֆերի համար պահանջում է պայմանագրով սահմանված 700 միլիոն եվրոն, մանչեսթերյան ակումբը պատրաստ է վճարել 150 միլիոն եվրո։
Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Նա իրավունք ուներ նաեւ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո անվճար հեռանալ, սակայն այդ մասին ակումբին պետք է տեղյակ պահեր մինչեւ մայիսի 30-ը։