Ծանրամարտի առաջին օնլայն մրցաշար. Անդրանիկ Կարապետյանը բավարարվեց փոքր բրոնզե մեդալով (ֆոտո)
Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճեց մեկ փոքր բրոնզե մեդալ պոկում վարժությունից: Կարապետյանը զբաղեցրեց 4-րդ տեղը՝ երկամարտում գրանցելով 355 կգ (165+190):
Պոկում վարժության առաջին մոտեցմամբ Կարապետյանը բարձրացրեց 160 կգ, ապա գլխավերեւում պահեց 165 կգ-ը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչները պատվիրեցին 170 կգ, բայց Եվրոպայի չեմպիոնը ձախողեց: Պոկում վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժության առաջին մոտեցմամբ Անդրանիկ Կարապետյանը հաջողությամբ հրեց 190 կգ-ը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 200 կգ, բայց Կարապետյանը չկարողացավ ֆիքսել ծանրաձողը եւ ձախողեց: Կարապետյանը չկարողացավ հրել նաեւ երրորդ մոտեցումը եւ այս վարժությունում պայքարն ավարտեց 190 կգ-ով:
89 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ նվաճեց Վենեսուելայի ներկայացուցիչ Վելլենիլա Կեյդոմարը (107+207կգ):
Ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարը կազմակերպվել է Ուզբեկստանի նախաձեռնությամբ: Մրցաշարն անցկացվում է zoom հարթակում: Հայաստանը մրցաշարին մասնակցում է Աբովյանի մարզաբազայից:
Օգոստոսի 30-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի եւս երկու ներկայացուցիչ՝ Սամվել Գասպարյանը (102 կգ) եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը։