Թուրք լրագրողը՝ Անկարայում գանձագողերի թիրախ դարձած հայկական գերեզմանատան մասին
Անկարայի Սինջան գավառին ենթակա Յենիքենթ թաղամասի Զիր հովտում գտնվող Հայկական Սթանոզ գերեզմանատունը տարիներ շարունակ եղել է գանձ որոնողների թիրախում։ Թեև սույն գերեզմանոցը գտնվում է քաղաքի կենտրոնից 30 կմ հեռավորության և 2-րդ աստիճանի հնագիտական արգելոցի տարածքում, սակայն գերեզմանների ավիրումը շարունակվում է։
Akunq.net–ը ներկայացնում է Օզգյուր Օզդեմիրի հրապարակումը առանց կրճատման.
100 տարի առաջ ամբողջովին հայկական բնակչություն ունեցած Անկարայի Սթանոզ բնակավայրն այսօր վերածվել է ուրվականի։ Այս շրջանում ներկայում միայն Գևորգ Բալաբան անունով մի հայ է ապրում իր ընտանիքի հետ միասին։ 1957 թ․այս բնակավայրում տեղի ունեցած հեղեղից հետո շրջանի բնակիչները Յենիքենթ են տեղափոխվել։ Մի խորը հովտի վրա հիմնված այս բնակավայրում կանգուն մնացած գրեթե ոչ մի կառույց չկա։ Մահմեդական և հայկական գերեզմանոցների միջև հիմնված բնակավայրում այսօր միայն դաշտային աշխատանքներ են իրականացվում։
Գերեզմանատունը թողնվել է ճակատագրի քմահաճույքին, քանի որ այս շրջանում ոչ ոք չի մնացել։ Գերեզմանոցում թաղված ամենավերջին մարդը Գևորգ Բալաբանի մայրն է եղել, ով վախճանվել է 1978 թ․։
«Պետությունը պետք է պահպաներ այս գերեզմանատունը»
Շրջանի բնակիչներից Սուաթ Քավաքը նշում է, թե պետությունը պետք է պահպանության տակ վերցներ այս գերեզմանատունը, սակայն այդպես չի վարվել։ Քավաքը հայտնելով, որ այս շրջանի առաջին բնակիչները հենց հայերն են եղել, հավելում է․ «Արհեստներով զբաղվող հայեր կային։ Երբ նրանք հեռացան, բնակավայրը մյուսներին մնաց, և կյանքն այստեղ դադարեց»։
«Պետք է հարգանք ցուցաբերենք այս գերեզմանոցի հանդեպ»
Թաղամասի թաղապետ Թալեաթ Բալանօղլուն նշելով, թե երբ հայ են ասում, մարդկանց մտքին առաջին հերթին փողն է գալիս, շեշտում է․ «Կարծում են, թե հայերը հարուստ են եղել և գերեզմանոցը թալանում»։
Զիրի սոցիալական փոխօգնության և համերաշխության միության նախագահ Ֆահրի Բայրաքթարն իր հերթին ընդգծում է գերեզմանոցի նկատմամբ հարգանք տածելու անհրաժեշտության մասին և հայտնում․ «Գանձագողերն ավիրել են բոլոր գերեզմանները։ Մենք մեր քաղաքապետի առաջնորդությամբ և մի մահմեդական գործարարի աջակցությամբ փակեցինք գերեզմանատան շուրջբոլորը, սակայն հետագայում գանձ որոնողները դարձյալ քանդեցին գերեզմանները։ Մարդիկ հարգանք չունեն անցյալի հանդեպ։ Այստեղից գնացած հայերի թոռները գալիս և այցելում են իրենց պապերի գերեզմաններ։ Սակայն հայերը թաքցնում են իրենց ինքնությունը, քանի որ վախենում են։ Եթե ես ուզում եմ, որ Բալկաններում իմ նախնիների գերեզմանին հարգանք ցուցաբերեն, ինքս էլ նույնը պետք է այստեղ անեմ»։
«Այստեղ թաղվել չեմ ուզում»
Զիր հովտում մնացած միակ հայը՝ Գևորգ Բալաբանը, չի ցանկանում այս գերեզմանատանը թաղվել։ Բալաբանն ասում է․ «Այստեղ ինձ հանգիստ չեն տա։ Ուզում եմ, որ ինձ հորս մոտ՝ Ջեբեջիում թաղեն»։