Տիգրան Մարտիրոսյանն ու Լանա Խաչատրյանն այսօր ամուսնացել են Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի քավորությամբ (լուսանկարներ)
Երգչուհի Լանա Խաչատրյանն այսօր ամուսնացել է: Հարսանիքից ժամեր առաջ Esem.am-ի հետ զրույցում Լանան ասել է, որ իրենք պսակադրվելու են Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի քավորությամբ (նշենք, որ Տիգրանն էլ Լևոնի և Սիրուշոյի հաարսանիքի ժամանակ ստանձնել էր խաչեղբոր պարտականությունները), իսկ խաչեղբայր և հարսնաքույր չեն ունենալու:
«Քանի որ ես հարազատ քույր չունեմ, Տիգրանը՝ հարազատ եղբայր, խաչեղբորն ու հարսնաքրոջը պետք է ընտրեինք մեր ընկերներից, սակայն որոշեցինք նրանց համար ավելորդ լարվածություն չստեղծել: Ուզում ենք, որ մեր բոլոր հյուրերն այսօր լիարժեք ուրախանան՝ առանց հատուկ պարտավորվածությունների»,- ասել է Լանան և հավելել, որ սա միակ շեղումն է եղել հայկական ավանդական հարսանիքից:
Զույգը պահպանել է հարսանեկան ավանդական երթուղին՝ քավորի տուն, հարսի տուն, եկեղեցի, փեսայի տուն, վերջում՝ ռեստորան:) Տիգրանն ու Լանան գերադասել են հարսանեկան պարզ արարողություն ունենալ, քանի որ առաջնային են համարում փոխադարձ վստահությունն ու սերը, ոչ թե ճոխ արարողությունը:
Ինչպես ավելի վաղ նշել էր Լանան հարսանեկան զգեստի ընտրության հարցում բծախնդիր չի եղել. «Ես շատ հեշտ եմ ընտրել հարսանեկան զգեստս: Ընտրել եմ փորձածս երկրորդ զգեստը: Հայտնի ոճաբանների հետ էլ չեմ համագործակցել»:
Պսակադրության հաջորդ օրը՝ վաղը, զույգը կմեկնի մեղրամսի: