Էդգար Մանուչարյանը՝ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու պատճառների և մարզչական աշխատանք սկսելու մասին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի, Ամստերդամի «Այաքսի» ու Եկատերինբուրգի «Ուրալի» նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանն այս ամռանը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի: 33-ամյա Մանուչարյանը միացել է Հայաստանի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող Երևանի ԲԿՄԱ-ի մարզչական շտաբին:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայկական ֆուտբոլի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը խոսել է անսպասելի առաջարկ ստանալու և կարիերան ավարտելու պատճառների մասին, ինչպես նաև կարծիք է հայտնել արտասահմանցի ֆուտբոլիստների՝ Հայաստանի հավաքական հրավիրվելու վերաբերյալ:
Էդգար, սկսել ես համագործակցել ԲԿՄԱ-ի հետ: Ի՞նչ համագործակցություն է դա և ինչո՞ւ ընտրեցիր հենց ԲԿՄԱ-ն:
Ռաֆայել Նազարյանից ստացա ԲԿՄԱ-ի մարզչական շտաբին միանալու առաջարկ: Ճիշտն ասած, այս պահին այլ տարբերակ չէի նախատեսում: Ճանաչելով Ռաֆայել Նազարյանին որպես ֆուտբոլիստ ու մարզիչ, միշտ ասել եմ, որ նա Հայաստանի լավագույն մարզիչներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Ինձ համար մեծ պատիվ էր ընդունել Ռաֆայել Նազարյանից ստացած համագործակցության առաջարկը: Դա շատ անսպասելի էր, բայց, միևնույն ժամանակ, հաճելի: Հիմա ավելի շատ սովորում եմ, մասնակցում եմ մարզումային գործընթացին, իսկ հետագայում շատ բան կունենամ սովորելու ինչպես Ռաֆայել Նազարյանից, այնպես էլ մարզչական շտաբից:
Կարիերան ավարտելուց հետո անմիջապես անցար մարզչական աշխատանքի: Ե՞րբ ես ծրագրում սկսել մարզչական որակավորման դասընթացները:
2 ամսից մեկնարկելու են C լիցենզիայի դասընթացները, որոնց կմասնակցեմ: Իհարկե, կարող էի միանգամից մասնակցել B լիցենզիայի դասընթացներին, բայց դա մեկնարկելու է հաջորդ տարվա մարտին: Այդ պատճառով կսկսեմ C լիցենզիայի դասընթացներից, իսկ մարտ-ապրիլին կմասնակցեմ B-ին:
ԲԿՄԱ-ում հանդես են գալիս Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի խաղացողները, որոնք մոտ ապագայում կարող են համալրել ազգային ու երիտասարդական հավաքականները: Ի՞նչ նախադրյալներ ունի այդ ռեզերվ ասվածը:
Մենք աշխատում ենք շատ տաղանդավոր պատանի խաղացողների հետ: Ավելի քան վստահ եմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում նրանք մի քանի տարի հետո կարող են մեծ ֆուտբոլ խաղալ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: