Կորոնավիրուսի համավարակը առաջիկա ամիսներին, հավանաբար, կսրվի․ Մերկել
Կորոնավիրուսի համավարակը առաջիկա ամիսներին, հավանաբար, կսրվի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է AP-ն։
Նրա խոսքով՝ կառավարությունն «ամեն ինչ կանի, որ մեր երեխաները համավարակից չտուժեն։ Դպրոցը եւ մանկապարտեզը պետք է ամենակարեւոր բանը լինեն»։ Մերկելը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը առաջիկա ամիսներին կյանքն ավելի կդժվարացնի, քան ամռանը, եւ գերմանացիներին կոչ է արել շարունակել սպառնալիքին լուրջ վերաբերվել։
Նրա խոսքով՝ կարեւոր է զսպել ինֆեկցիայի տարածումը, քանի որ մարդիկ փակ տարածքներում ավելի հաճախ են հանդիպում։ «Մենք ստիպված կլինենք շարունակել ապրել վիրուսի հետ»,- ասել է նա։ Նա առանձնացրել է երեք առաջնահերթություն, այդ թվում՝ կրթությանը երեխաների հասանելիությունը, չնայած համավարակին, տնտեսական վերածնման ապահովումը եւ սոցիալական համախմբվածության աջակցությունը։
Մերկելը նաեւ հայտնել է, որ Եվրահանձնաժողովն աշխատում է դեղագործական ընկերությունների հետ նոր պայմանագրերի կնքման շուրջ՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն ապահովելու համար։