ԵՄ-ն համաձայնվել է պատժամիջոցներ մտցնել Բելառուսի 20 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ
Եվրոպական միությունը համաձայնվել է պատժամիջոցներ մտցնել Բելառուսի 20 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, որոնք կասկածվում են ընտրությունների կեղծման եւ ցույցերի ճնշման մեջ, եւ հավանաբար, ինչ-որ պահի ցուցակի մեջ կներառի երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հայտարարել են ԱՄ ԱԳ նախարարները, փոխանցում է AP-ն։
«Մենք ընդհանուր համաձայնություն ունենք այն կապակցությամբ, թե ցուցակն ինչպես է կազմվելու եւ ով է դրա մեջ մտնելու»,- Բեռլինում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը լրագրողներին ասել է Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրիչեկը։ Սակայն ցուցակի իրավաբանական ավարտի հետ կապված տեխնիկական մանրամասները չեն որոշվի դեռեւս նվազագույն մեկ շաբաթ։
Ի պատասխան հարցին՝ ցուցակի մեջ արդյոք ներառվելո՞ւ է Բելառուսի նախագահը, Պետրիչեկն ասել է, որ իր կարծիքով՝ «Լուկաշենկոն պետք է լինի ցուցակում։ Հարցն այն է, թե նա կներառվի առաջի՞ն փուլում, թե՞ ավելի ուշ, եթե առաջընթաց չլինի»։
Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը համաձայնվել է, որ Լուկաշենկոն պետք է լինի ցուցակում, բայց ընդունել է, որ կարող են լինել «մարտավարական պատճառներ»՝ Բելառուսի առաջնորդին առայժմ չներառելու համար։