Ամերիկացի նախկին հատուկջոկատայինը խոստովանել է ռուս հետախույզների հետ շփումների մասին
Ամերիկյան հատուկ նշանակության ուժերի (ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժեր, «Կանաչ բերետներ») նախկին զինծառայող Պիտեր Դեբինսը, որը մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, խոստովանել է դեռեւս 2019 թվականին ռուս հետախույզների հետ շփումների մասին, հայտնում է The Washington Post-ը։
«Ես ինձ Ռուսաստանի համար փրկիչ էի զգում, պատկերացնում էի, որ պատրաստվում են նրան ազատել բռնաճնշման կառավարությունից, ուստի շոյված էի, երբ նրանք դիմեցին ինձ։ Դրանից բացի, ես մտավախություն ունեի, թե նրանք ինչ կարող էին անել իմ կնոջ ընտանիքին»,- գրավոր հայտարարության մեջ նշել է Դեբինսը, որը նախօրեին հրապարել էին դատախազները։
ԱՄՆ դատախազի օգնական Թոմաս Թրաքսլերը հայտարարել է, որ «Դեբինսը խոստովանել է ԳՀՎ-ի հետ՝ բարձր մակարդակի հետախուզական կառույց (Գլխավոր հետախուզական վարչությունը 2010 թվականին վերանվանվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր վարչություն) համագործակցության մասին։ Նրա խոսքով՝ Դեբինսը հասանելիություն է ունեցել հույժ գաղտնի տեղեկություններին, իսկ խոստովանությունը կատարել է 2019 թվականին, երբ երկարացվել է նրա հասանելիությունը գաղտնի նյութերին։
Դեբինսի կալանավորման մասին անցյալ շաբաթ հայտնել էր ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Վիրջինիա նահանգի Արեւելյան շրջանի դատավոր Զաքար Թերվիլիգերի հայտարարության մեջ նշված է, որ Դեբինսը 1996-2011 թվականներին «գործել է ռուսական հետախուզության աշխատակիցների հետ միասին, պարբերաբար այցելել է Ռուսաստան, նրան շնորհված էր ծածկանուն, նա անգամ դիմում է ստորագրել այն մասին, որ կցանկանար ծառայել Ռուսաստանում»։