Իտալիայի առաջնության 2020/21 մրցաշրջանի մեկնարկը կարող է հետաձգվել
Իտալիայի առաջնության 2020/21 մրցաշրջանի մեկնարկը կհետաձգվի, եթե երկրի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունի Միլանի «Ինտերի» առաջարկը, տեղեկացնում է Sky Italia-ն:
Միլանի «Ինտերը» դիմել է Իտալիայի ֆուտբոլային իշխանություններին՝ առաջարկելով ավելի ուշ սկսել Ա Սերիայի մրցաշրջանը, որը նախատեսված է սկսել սեպտեմբերի 19-ին:
«Ինտերի» ղեկավարության կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո շաբաթական 2-3 հանդիպում անցկացնելուց հետո թիմերը բավարար ժամանակ չեն ունենա մեկնարկելիք մրցաշրջանին պատրաստվելու համար:
Եթե Ա Սերիայի այլ թիմեր ևս միանան «Ինտերի» առաջարկին, ապա Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված կլինի հետաձգել մրցաշրջանի մեկնարկը:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում չեմպիոն հռչակվեց «Յուվենտուսը»: