Նախկին փոխնախարարը որոշել է լքել ՔՊ շարքերը. Արայիկ Հարությունյանը նրա համար «փակել է» է բոլոր դռները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը հայտարարել էր, որ ազատման դիմում է ներկայացրել: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմությունն այս փուլում այլևս ավարտված է ինձ համար։ ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել իմ կամքով և փոխհամաձայնեցված որոշմամբ»,-հայտարարել էր Առաքելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանից հետո այդ ոլորտում աշխատանք գտնելու բոլոր դռները փակվել են նրա առջև, քանի որ նախարար Արայիկ Հարությունյանն ամեն ինչ արել է, որ նրան ոչ մի տեղ աշխատանքի չընդունեն: Ըստ մեր տեղեկությունների՝ Առաքելյանի ջանքերը՝ տարբեր ձևերով աշխատանքի ընդունվելու պետական որևէ հաստատությունում, ապարդյուն են անցել: Վերջինս ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է հայտնվել, քանի որ երկար ժամանակ է՝ աշխատանք չունի:
Ու, ըստ մեր տեղեկությունների, Առաքելյանը որոշել է լքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը: Մենք տեղեկացանք, որ նախկին փոխնախարարն իր կուսակցությանը տեղեկացրել է այդ մասին, ավելին՝ հայտնել, թե որն է այդ ամենի պատճառը: Մենք ողջ օրը փորձեցինք տեղեկությունը ճշտել Լուսինե Առաքելյանից, սակայն վերջինս մեր հաղորդագրություններին ու զանգերին չպատասխանեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: