«Ալաշկերտը» դուրս մնաց Եվրոպայի լիգայից (ֆոտո)
Երևանի «Ալաշկերտը» չկարողացավ հաղթահարել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը: Մեկխաղյա դիմակայությունում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երևանի «Հանրապետական» ստադիոնում ընդունեց մակեդոնական «Ռենովային» և պարտվեց նվազագույն հաշվով:
«Ալաշկերտը» շատ արագ կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, բայց խաղի առաջին րոպեին կորցրեց իրական գոլային պահ: Նախ Տիագո Գալվաոյի հարվածից հետո «Ռենովայի» դարպասապահը հետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Պերդիգաոն չկարողացավ գրավել դարպասը: Հանդիպման սկզբնամասում «Ալաշկերտն» ուներ նկատելի տարածքային և խաղային առավելություն, իսկ մակեդոնական թիմը հազվադեպ էր մոտենում մրցակցի դարպասին:
«Ռենովան» առաջին վտանգավոր պահն ունեցավ 16-րդ րոպեին, երբ ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ Օգնյեն Չանչարևիչն «Ալաշկերտին» փրկեց գոլից:
Խաղակեսի միջնամասում «Ալաշկերտի» առավելությունը նույնքան մեծ չէր: «Ռենովան» աստիճանաբար սկսեց ավելի շատ վերահսկել գնդակն ու անցկացնել գրոհներ: Խաղն անցնում էր առանց գոլային պահերի: Հյուրերի ակտիվությունը երկար չտևեց, և խաղակեսի վերջնամասում հայկական ակումբը դարձյալ ուներ գնդակի տոտալ վերահսկում, սակայն մրցակցի պաշտպանությունը կոտրել չէր հաջողվում: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերը 2 անգամ անհանգստացրին «Ալաշկերտի» դարպասապահին, որը հաջող գործեց: 57-րդ րոպեին «Ռենովան» բացեց հանդիպման հաշիվը: Անկյունայինի խաղարկման արդյունքում գլխի հարվածով աչքի ընկավ մակեդոնացի պաշտպան Նենադ Միշկովսկին: Բաց թողած գոլից հետո դաշտի տերերին չէր հաջողվում մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասին, իսկ «Ռենովան» մեծ դժվարություններ չէր ունենում պաշտպանվելիս ու երբեմն անցկացնում էր հակագրոհներ: Ժամանակն անցնում էր, իսկ «Ալաշկերտը» չէր կարողանում տարածքային մեծ առավելությունը վերածել գոլային պահերի: Խաղի մեջ ակտիվ էր մտել թիմի նորեկ Աղվան Պապիկյանը, որը փորձում էր սրել տանտերերի գրոհները: Խաղի վերջնամասում հայկական ակումբի գրոհները միանման էին, մեծաքանակ պաշտպաններով գործող մրցակցի դարպասին լրջորեն սպառնալ չհաջողվեց: Հայաստանի եռակի չեմպիոնը լքեց պայքարը, թեև ֆավորիտի կարգավիճակ ուներ այս դիմակայությունում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով:
Ավելի վաղ Եվրոպայի լիգայից դուրս էր մնացել նաև Երևանի «Նոան», որը Ալմաթիում 1:4 հաշվով պարտություն էր կրել «Կայրաթից»:
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ
«Ալաշկերտ» (Հայաստան) - «Ռենովա» (Մակեդոնիա)՝ 0:1
Նենաս Միսկովսկի, 58