ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա ճնշման մեծացման հարցը
Եվրամիության երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա ճնշման մեծացման հարցը, այս մասին հինգշաբթի առավոտյան ZDF հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը։
Նրա կարծիքով՝ պատժամիջոցների խստացումը հակադարձ արդյունք է ունեցել։
«Մենք տեսնում ենք, որ Լուկաշենկոն մեծացնում է ճնշումը խաղաղ ցուցարարների եւ ընդդիմության վրա։ Մենք պետք է այսօր քննարկենք, թե Լուկաշենկոյի վրա ճնշումն ինչպես մեծացնենք։ Մենք արդեն որոշում ենք ընդունել պատժամիջոցներ սահմանել այն անձանց դեմ, որոնք մասնակցել են ընտրությունների կեղծմանը եւ խաղաղ ցուցարարների դեմ հանցագործություններին։ Մինչեւ հիմա ոչ մի բան չի փոխվել»,- ասել է Մաասը։
Շաբաթվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ԵՄ-ն կարող է միջնորդ դառնալ Բելառուսի իրավիճակի կարգավորման գործում, նա համապատասխան հայտարարությունը կատարել էր Հայկո Մաասի հետ իր հանդիպման ժամանակ։
Օգոստոսի կեսին Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ էր արել բելառուսական իշխանությունների վրա ճնշումը մեծացնել․ նրա կարծիքով՝ նման դեր պետք է ստանձնեն Եվրամիության ԱԳ նախարարները։ Չնայած վերջին շրջանում Եվրամիությունը մեղմացրել էր Բելառուսի դեմ պատժամիջոցները՝ ժողովրդավարական սկզբունքները պահպանելու հետ կապված իրավիճակի բարելավման շնորհիվ, պատժամիջոցները վերստին անհրաժեշտ են, հստակեցրել է Մաասը, փոխանում է «Sputnik-Բելառուսը»։