ԱՄՆ-ում բռնել են ամենաորոնվող փախստականներից մեկին, ում կասկածում են իր երկու դուստրերի սպանության մեջ
ԱՄՆ Տեխաս նահանգում կալանավորել են ՀԴԲ վարկածով ամենաորոնվող 10 փախստականներից մեկին՝ Յասեր Աբդել Սաիդին, ում կասկածում են 2008 թվականին իր 2 դուստրերի սպանության մեջ, հայտնում է CNN-ն՝ վկայակոչելով Դալասում ՀԴԲ գրասենյակի հաղորդագրությունը։
Սաիդը ՀԴԲ «հատուկ» ցուցակի մեջ ներառվել էր 2014 թվականի դեկտեմբերին 2008 թվականին իր 2 դուստրերին սպանելու պատճառով։
Նշվում է, որ կասկածյալը ձերբակալվել է առանց որեւէ պատահարի։
Սարսափելի հանցագործությունը կատարվել էր 2008 թվականի Ամանորին։ Այդ ժամանակ Սաիդն իր դուստրերին՝ 17-ամյա Սառային եւ 18-ամյա Ամինային տարել էր տաքսիով զբոսնելու։ Մի քանի ժամ հետո ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էին աղջիկների դիակները հրազենային վիրավորումներով։ Ինքը՝ Սաիդն անհետացել էր հրացանով եւ ամբողջ խնայողություններով հանդերձ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Սաիդը ծագումով եգիպտացի է, եւ սպանությունը կատարվել էր «ընտանիքի պատիվը պաշտպանելու» նպատակով, քանի որ աղջիկներից մեկը հանդիպում էր մի երիտասարդի, ով մուսուլման չէր։