Թրամփը հայտարարել է, որ Բայդենից կպահանջի առաջին դեբատներից առաջ թմրանյութերի առկայությունը ստուգող թեստ հանձնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մրցակից Ջո Բայդենից կպահանջի առաջին դեբատներից առաջ թմրանյութերի առկայությունը ստուգող թեստ հանձնել, գրում է Washington Examiner-ը:
Դեբատները կկայանան սեպտեմբերի 29-ին:
Օվալաձեւ գրասենյակում հարցազրույցի ժամանակ Թրամփը կասկած է հայտնել, որ Բայդենի մոտ դեբատների ցուցանիշները կբարելավվեն: Ընդ որում, նա որեւէ ապացույց չի ներկայացրել:
Բայդենը փրայմերիզների ընթացքում մասնակցել է 11 դեբատների: Դրանցից վերջիններն անցկացվել են մարտի 15-ին Բայդենի եւ սենատոր Բեռնի Սանդերսի մասնակցությամբ:
«Ոչ ոք չի մտածում, թե նա կարող է հաղթել: Դեբատներին նրա ելույթներն այնքան վատն էին: Անկեղծ ասած՝ նրա լավագույն ելույթը եղել է Բեռնիի դեմ: Մենք պատրաստվում ենք նրանից պահանջել, որպեսզի թմրանյութերի առկայությունը ստուգող փեստ հանձնի: Այնպես չէ, որ նա Ուինսթոն Չերչիլ էր, բայց դրանք նորմալ, ձանձրալի դեբատներ էին»,-ասել է ԱՄՆ նախագահը: