Ստամբուլում բյուզանդական դարաշրջանի երկու տաճարները մզկիթի վերածելը կրոնական ծայրահեղականություն է խորհրդանշում
Ստամբուլում բյուզանդական դարաշրջանի երկու տաճարները մզկիթի վերածելը եւ դրան ուղեկցող դիսկուրսները խթանել են ծայրահեղականությունը Մերձավոր Արեւելքում: Այս մասին Ahval-ին տված հարցազրույցում ասել է Պիտսբուրգի համալսարանից մարդաբան Տուգբա Տաների Էրդեմիրը:
Հուլիսին Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը, որից հետո Սուրբ Փրկիչ եկեղեցու հետ նույն կերպ վարվելը փոխել է երկու կարեւոր հուշարձանների շուրջ խորհրդանշականությունը՝ համակեցությունից դարձնելով տիրակալություն, ասել է Էրդեմիրը:
Սուրբ Սոֆիայի վերափոխումից հետո առաջին ուրբաթօրյա աղոթքների ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասնորեն պատմել է 1453-ին Օսմանյան կայսրության կողմից Ստամբուլի նվաճումը՝ ակնարկելով 15-րդ դարի հաղթանակի եւ 1994-ին Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում իր ընտրվելու մասին զուգահեռները:
6-րդ դարում Սուրբ Սոֆիան մզկիթի էր վերածվել անմիջապես այն բանից հետո, երբ օսմանյան Մեհմեդ II սուլթանը նվաճել էր Կոստանդնուպոլիսը:
Սուրբ Փրկիչ եկեղեցին սկզբնապես Խորա գյուղի վանքի մի մասն էր: Ըստ Էրդեմիրի, Խորան «բյուզանդական նվիրվածության խորհրդանիշ» էր՝ թանկարժեք որմնանկարներով ու խճանկարներով, որոնք ծածկում էին նրա գրեթե բոլոր մակերեսները: 50 տարի անց վեզիրի կողմից այս շենքը մզկիթի է վերածվել:
Երկու հուշարձանները աշխարհիկ Թուրքիայի Հանրապետության օրոք վերածվել են թանգարանների: Այս թանգարանացումը, ինչպես ասել է Էրդեմիրը, «շատ համահունչ էր վաղ թուրքական հանրապետության ոգուն, որում ճանաչվեց այդ հուշարձանների գեղարվեստական արժեքը»:
Ըստ նրա՝ երիտասարդ հանրապետությունը «ցանկանում էր պահպանել եւ աշխարհին ներկայացնել այս հիանալի շինությունները եւ բացել դրանք բոլոր կրոնների եւ բոլոր մշակույթների մարդկանց համար»: Այժմ ժառանգության խորհրդանշականությունը վերադառնում է նվաճման գաղափարին, որը վտանգավոր գործընթաց է, ասել է մարդաբանը:
Էրդեմիրի խոսքերով՝ Թուրքիայում շատ իսլամիստներ Խորան ներառել են նվաճման մասին այս պատմության մեջ, չնայած պատմականորեն դա այդպես չէ: Սակայն երկու հուշարձանների ճակատագրերը այլ կերպ էլ են միահյուսվել։
«Հնարավոր է՝ մենք չկարողանանք դրանք կրկին վերածել թանգարանների,- ասել է Էրդեմիրը,- սակայն մենք պետք է ապահովենք, որ արվեստի եւ ճարտարապետության այս անգին, զարմանալի գործերը պահպանվեն ապագա սերունդների համար: Սա է մեր պատասխանատվությունը»: