Ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ տարածում էին բեմադրված տեսանյութ, որում սպա Գուրգեն Ալավերդյանը «խոստովանում է»
Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են բեմադրված տեսանյութ, որում գերեվարված սպա Գուրգեն Ալավերդյանը «խոստովանում է»:
Տեսանյութում, որը հայտնվել է ադրբեջանական մի շարք կայքերում Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների ջանքերով, ավագ լեյտենանտ Գուրգեն Ալավերդյանը պատմում է, որ ծնվել է 1989 թվականի օգոստոսի 14-ին Գեղարքունի մարզի Մարտունի քաղաքում, 2015 թվականից որպես սպա ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ալավերդյանը մի քանի անգամ կրկնում է «գրավյալ Քարվաճառ» արտահայտությունը, հայտնում է, որ իր հրամատար Վազգեն Վարդանյանի հետ «դիվերսիոն հարձակումներ է իրականացրել»:
Նա նաեւ ափսոսանք է հայտնում, որ ծառայել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում», եւ որ ՀՀ ԶՈւ-ում «իր նման մարդիկ շատ են»: «Ցանկանում եմ մնալ այս երկրում եւ օգտակար լինել Ադրբեջանին»,-ասում է Ալավերդյանը՝ հավելելով, որ «հայերը հաղթելու որեւէ հնարավորություն չունեն»:
Ամբողջությամբ Ալավերդյանի «խոստովանությունը» վերաշարադրելն անիմաստ է, քանի որ ուշադիր նայելով սպայի դեմքին՝ կարելի է եզրակացնել, որ նա ինչ-որ տեքստ է կարդում, ընդ որում, ոչ միշտ է դա ստացվում, նա կմկմում է՝ կարծես ցանկանալով ինչ-որ բառ լավ տեսնել: Մնում է միայն ենթադրել, թե ինչ միջոցներ են կիրառվել սպայի նկատմամբ:
Արդեն հայտնի է, որ Ադրբեջանի իշխանությունները 5 հոդվածներով քրեական գործ են հարուցել Ալավերդյանի նկատմամբ: Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն կողմնորոշվել՝ Ալավերդյանին ներկայացնել որպես դիվերսա՞նտ, թե՞ որպես թշնամու կողմն անցած անձ: Մնում է միայն հաստատել, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են կատարել գերիների եւ ձերբակալվածների մասով իրենց միջազգային պարտավորությունները: