Պեդրո․ Ջեկոն ու Մխիթարյանն ունեն մեծ փորձ
Իտալական «Ռոմայի» նորեկ, իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը խոսել է նոր թիմի, թիմակիցների, գլխավոր մարզիչ, պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի մասին։
«Երջանիկ եմ, որ տեղափոխվել եմ «Ռոմա», այստեղ իսկապես հրաշալի է։ Ջերմ ընդունելության համար շնորհակալ եմ երկրպագուներին, ղեկավարությանը, մարզչական շտաբին։ Ես շատ ուրախ եմ, քանի որ սա նոր մարտահրավեր է, նոր երկիր, նոր առաջնություն։
Երբ գալիս ես նոր ակումբ, դարձյալ ցանկանում ես հաղթել։ Իմ հավակնությունները նույնն են՝ միայն հաղթել։ «Ռոմայի» հետ նույնպես հնարավոր է տիտղոս նվաճել։
«Ռոման» մեծ ակումբ է եւ ունի ուժեղ թիմ, որը զարգանում է եւ առաջիկա տարիներին կարող է շատ առաջադիմել։ Ես զրուցել եմ Պաուլու Ֆոնսեկայի հետ, նա շատ լավ մարզիչ է։ Նա համոզեց ինձ ընդունել այս առաջարկը։ Այստեղ շատ են գերազանց խաղացողները։
Ֆոնսեկայի հետ խոսել ենք հավակնությունների եւ թիմային աճի մասին։ Շնորհակալ եմ նրան վստահության համար։ Ես շատ մոտիվացված եմ նոր առաջնությունում խաղալու համար։
Հռոմը հրաշալի քաղաք է։ Եվրոպայի եւ աշխարհի պատմական կենտրոններից է, ֆանտաստիկ է։ Շատ եմ տպավորված։ Հույս ունեմ այս հրաշալի քաղաքում ցուցադրել հրաշալի ֆուտբոլ։
Հռոմի «Ստադիո Օլիմպիկոյում» նվաճել եմ Չեմպիոնների լիգայի առաջին գավաթս։ Հրաշալի հիշողություններ ունեմ հռոմեական եզրափակիչից։ Այս ստադիոնն առանձնահատուկ վայր է իմ կարիերայում։
Ուսիս վնասվածքի հետ կապված՝ կարեւոր է լավ վերականգնվել, աստիճանաբար շարժվել առաջ, չշտապել։ Այստեղ կան գերազանց մասնագետներ։
Թիմում հավաքված են հրաշալի ֆուտբոլիստներ։ Ջեկոն ու Մխիթարյանն ունեն մեծ փորձ։ Նրանց նման խաղացողները պետք են տիտղոսի համար պայքարում»,- Պեդրոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ռոման» 33-ամյա հարձակվողի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք, որ իսպանացին 2015-ին կատալոնական «Բարսելոնայից» էր տեղափոխվել «Չելսի», որի հետ պայմանագրի ժամկետը լրացրել էր այս ամռանը: