«Բարսելոնան» Մեսիի տրանսֆերից ակնկալում է 222 միլիոն եվրո
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» պատրաստ է 222 միլիոն եվրոյով վաճառել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որի տրանսֆերային գինը պայմանագրով սահմանված է 700 միլիոն եվրո, հաղորդում է AS-ը։
Կատալոնական ակումբի ներկայացուցիչները առաջարկներով կդիմեն հնարավոր գնորդներին։ 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Սիթին», ֆրանսիական ՊՍԺ-ն եւ իտալական «Ինտերը», սակայն երեք ակումբներն էլ պատրաստ են բանակցել Մեսիի հետ, եթե նա ստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Հիշեցնենք, որ 2017թ․ ամռանը ՊՍԺ-ն բրազիլացի հարձակվող Նեյմարի համար «Բարսելոնային» վճարել էր 222 միլիոն եվրո։
«Բարսելոնայի» հետ պայմանագրով Մեսին ամեն մրցաշրջանի ավարտից հետո կարող է անվճար փոխել ակումբը, սակայն այդ մասին ֆուտբոլիստը պետք է ակումբին հայտներ մինչեւ մայիսի 30-ը։ Մեսիի փաստաբանները վստահ են, որ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մրցաշրջանի երկարաձգումը բացառիկ հանգամանք է, եւ հիմա էլ Մեսին իրավունք ունի միակողմանի խզել պայմանագիրը։