Forbes․ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է 200 մլրդ դոլարի
Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon ամերիկյան կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է 199,7 մլրդ դոլարի, ինչը բիզնեսմենի համար ռեկորդային ցուցանիշ է, հայտնում է Forbes-ը։
Պարբերականը նշել է, որ երեքշաբթի Amazon-ի բաժնետոմսերի սակարկության ժամանակ Բեզոսի կարողությունն անցել է 200 մլրդ դոլար նիշը, բայց փակվելիս այն մի փոքր նվազել է։ Ըստ ամսագրի՝ համաճարակի սկզբից բիզնեսմենի արժեթղթերը, որին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 11 տոկոսը, թանկացել է ավելի քան 55 տոկոսով։ Վերջին 12 ամիսներին աշխարհի խոշորագույն առցանց ռեթեյլերի տերը հարստացել է 86 մլրդ դոլարով։
Forbes ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Բեզոսն առաջին տեղն է զբաղեցնում 2018 թվականից։ Պարբերականի վարկանիշում այս պահին երկրորդ տեղում է Microsoft կորպորացիայի հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսը, 115,5 մլրդ դոլար կարողությամբ։ Երրորդ տեղում է ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն, ում կարողությունը գնահատվում է 113,2 մլրդ դոլար։
Amazon-ը, որը ապրանքներ եւ ծառայություններ է վաճառում համացանցի միջոցով, Բեզոսի կողմից ԱՄՆ-ում հիմնադրվել է 1994 թվականին։ Գրքերի եւ երաժշտական սկավառակների վաճառքից կորպորացիան աստիճանաբար անցել է տեսագրությունների, տեսախաղերի եւ կենցաղային էլեկտրոնիկայի վաճառքին, ինչպես նաեւ ԱՄՆ-ում առաջինն է իր կայքի օգտատերերին առաջարկել օգտագործել ֆիլմերի վճարովի ներբեռնման ծառայությունը՝ առանց համացանցին միանալու դրանք դիտելու հնարավորությամբ։